Рубрики
Պատմություն

Կիլիկիա

Լևոն Բ-ն և Կիլիկյան թագավորության հռչակումը

Լևոն Բ-ն (1187-1219 թթ.) կառավարման առաջին տարիներին հարկադրված էր պայքարել շրջակա մուսուլման ցեղերի դեմ։ 1187 թվականի գարնանը նա ջախջախեց երկրի հյուսիսարևելյան սահմաններ ներխուժած Իկոնիայի սելջուկ հրոսակներին։ 1188 թվականի աշնանը ջախջախեց երկրի հարավարևելյան սահմաններից ներխուժած Եգիպտոսի սուլթանության զորքերը։ 1189-1190 թվականների ընթացքում Բյուզանդական կայսրությունից և Իկոնիայի սուլթանությունից խլեց կարևոր նշանակություն ունեցող մի շարք տարածքներ՝ այդ թվում Պռականա, Սելևկիա, Ատալիա, Կրագյան Անտիոք և մի շարք այլ բերդաքաղաքները, Իսավրիան և այլ երկրամասերը։ Քանի որ շուտով սկսվեց Երրորդ խաչակրաց արշավանքն ընդդեմ Իկոնիայի սուլթանության, այն ստիպված էր հաշտվել իր կորուստների հետ։ 1190 թվականի մայիսի վերջին խաչակրաց զորքերը Ֆրիդրիխ I Շիկամորուսի գլխավորությամբ, Իկոնիայի սուլթանության վրայով մտան Կիլիկիա և ճամբարեցին Սելևկիա քաղաքի մոտ։ Լևոն Բ-ն համաձայնեց օգնել խաչակիրներին՝ պահանջելով ճանաչել Կիլիկյան Հայաստանը թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր։ Ֆրիդրիխ I-ը համաձայնեց, և խաչակրաց սովյալ զորքերը սնունդ ստացան հայկական հողերում։ Սակայն մինչ Կիլիկյան Հայաստանը որպես թագավորություն ճանաչելը, Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց Ֆրիդրիխ 1-ինը:

Կիլիկիայի հայկական թագավորության ներքին և արտաքին քաղաքականությունը 1187-1226 թվականներ

Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրումն ու ամրապնդումն իրենց չափազանց կարևոր դերն ունեին Արևելքի միջազգային խառը իրադրության մեջ։ Տարածքում իրենց նվաճողական նկրտումները սկսեցին դրսևորել նորանոր մուսուլմանական պետություններ, որոնք թշնամական վերաբերմունք ունեին Կիլիկիայի նկատմամբ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Լևոն Բ-ն սկսեց փորձեր կատարել՝ ստեղծելու տեղի քրիստոնյա պետությունների ամուր դաշինք։ Ամեն ջանք ի գործ էր դնում իր պետության մեջ միավորելու իրենից վասալական կախվածության մեջ գտնվող Անտիոքի դքսությանը։ 1209 թվականին Լևոն Բ-ն հրապարակավ որդեգրեց Անտիոքի գահակալին՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմոնդին, և նրան հռչակեց Հայոց գահաժառանգ։ Հայոց արքայի ջանքերով 1210 թվականին Ռուբեն-Ռայմոնդի հավակնությունները հայոց և Անտիոքի համատեղ գահի նկատմամբ ճանաչեցին Գերմանիայի կայսր Օտտո IV-ը և Հռոմի Ինոկենտիոս Գ պապը։ 1211 թվականին Օտտո IV-ի ուղարկած թագով Ռուբեն-Ռայմոնդը հանդիսավորությամբ օծվեց Լևոն Բ-ի գահաժառանգ։ Այս դիվանագիտական հզոր քայլն ուներ քրիստոնյա հզոր պետություն ստեղծելու նպատակ։ Բանն այն է, որ, չնայած Կիլիկիայի ու Անտիոքի առանձին հզոր ուժի, այնուամենայնիվ, լուրջ սպառնալիք էր դառնում քրիստոնյաների համար Սելջուկյան սուլթանության հզորացումը։ Այս քայլով Լևոն Բ-ն նաև նպատակ ուներ շահելու Արևմուտքի համագործակցությունը և համատեղ ուժերով պայքարելու մուսուլմանական պետությունների դեմ։ Սակայն մի քանի տարի անց Լևոն Բ-ն խիստ հիասթափվեց Ռուբեն-Ռայմոնդից և զրկեց հայոց գահի ժառանգությունից։ Զրկվելով հայոց արքայի հովանավորությունից՝ Ռուբեն-Ռայմոնդը 1219 թվականին զրկվեց նաև Անտիոքի գահի հավակնություններից։ Նույն թվականին էլ մահացավ Լևոն Բ-ն։ Նա արու զավակ չուներ, և, փաստորեն, գահի ժառանգորդ էր հանդիսանում իր մանկահասակ դուստր Զապելը։ Լևոնը Զապելի համար խնամակալներ (պայլեր) նշանակեց։ Նրանցից էին Կոստանդին Գունդստաբլը, Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը և Ատանը Պայլը։ Լևոն Բ-ի մահից հետո Ռուբեն-Ռայմոնդը, մի քանի հայ իշխանների օժանդակությամբ, փորձեց գրավել հայոց գահը, սակայն ձերբակալվեց ու բանտ նետվեց։ Այնուհետև՝ 1221 թվականին, պայլերի որոշմամբ Զապելն ամուսնացավ Անտիոքի տիրակալ Բոհեմունդ IV-ի որդու՝ Ֆիլիպի հետ։ Վերջինս էլ խոստացավ հարգել հայկական ավանդություններն ու սովորությունները, երկիրը ղեկավարել հայկական սկզբունքներով։ Քանի դեռ 18-ամյա Ֆիլիպը անչափահաս էր, պետությունը ղեկավարվում էր Կոստանդին Գունդստաբլի կողմից, բայց, երբ լրացավ նրա 20-ամյակը, նա դարձավ երկրի լիիրավ կառավարիչը։ Հենց այդ ժամանակ էլ զգացվեց, որ նա դրժել է իր երդումը։ Հայկական պետականության հարստությունները ծախսվում էին, երբեմն՝ նաև տեղափոխվում Անտիոք։ Այս ամենը հաշվի առնելով՝ հայ իշխանները ձերբակալեցին Ֆիլիպին, նետեցին բանտ, իսկ այնուհետև կախաղան բարձրացրեցին 1225 թվականին։

Հայ-մոնղոլական դաշինք

Դեռևս Զապելի և Հեթում Ա-ի իշխանության օրոք մոնղոլները ստեղծեցին մի պետություն, որ ձգվում էր Միջին Ասիայից Մերձավոր Արևելք՝ նվաճելով Միջագետքն ու Սիրիան։ 1243 թվականի հունիսի 26-ին մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին Կոսե-Դաղի ճակատամարտում[5]։ Մոնղոլների արշավանքներն աղետաբեր էին Մեծ Հայքի հայ բնակչության համար, սակայն ոչ Կիլիկիայի համար, քանի որ Հեթում Ա թագավորը որոշեց համագործակցել նրանց հետ։ Նա ուղարկեց իր եղբորը՝ Սմբատ Գունդստաբլին Կարակորում 1247 թ., որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Նա ետ վերադարձավ 1250 թվականին խաղաղության պայմանագրով, որով մոնղոլները չէին հարձակվելու Կիլիկիայի հայկական թագավորության վրա, և խոստանում էին ռազմական օգնություն՝ վերագրավելու սելջուկների կողմից գրավված բերդերն ու ամրոցները։ Սակայն վերջնական համաձայնության համար Հեթումն անձամբ պետք է մեկներ Կարակորում, բայց Զապելի մահն ու երկրի ներքին վիճակը ստիպեցին մի քանի տարով հետաձգել ուղևորությունը։ 1253 թվականին Հեթումը վերջապես ժամանեց Կարակորում և սկսեց բանակցությունները նորահռչակ Մոնգկե խանի հետ։ Հեթումին դիմավորեցին արքայավայել։ Ըստ նրանց միջև կնքված պայմանգրի, դեպի Սուրբ Երկիր և Սիրիա կատարվող մոնղոլների արշավանքերի ժամանակ Կիլիկիան պետք է զորքով աջակցեր նրանց, իսկ մոնղոլներն էլ իրենց հերթին Կիլիկիայի վրա հարձակման ժամանակ պետք է օգնեին Կիլիկիայի հայերին։ Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, ըստ որի հայ առևտրականները Մոնղոլական կայսրության տարածքում ստանում էին արտոնություններ և մոնղոլները չէին գանձելու հարկեր Մեծ Հայքի հայկական եկեղեցիներից և վանքերից։ Մինչ վերադարձը Կիլիկիա 1256 թվականին, Հեթումը որոշ ժամանակ մնաց Մեծ Հայքում՝ հանդիպելով տեղի հայ ազնվականությանն ու հոգևորականությանը։

Կիլիկյան Հայաստանն ու Մամլուքները (1281-1295 թթ.)

Լևոն Գ-ին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն, ով կանգնած էր լուրջ խնդիրների առաջ։ 1281 թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում հայ-մոնղոլական զորքի՝ մամլուքներից կրած պարտությունից հետո, հայերը ստիպված ծանր պայմաններով հաշտություն կնքեցին մամլուքների հետ։ 1285 թ. կրած պարտությունից հետո հայերը ևս մեկ անգամ ծանր պայմաններով տասնամյա հաշտության պայմանագիր կնքեցին մամլուքների հետ, որի արդյունքում բազմաթիվ ամրոցներ և բերդեր անցան մամլուքներին և հայերին արգելվում էր վերանորոգել ավերվածները։ Կիլիկյան Հայաստանը ստիպված խախտեց Հռոմի Պապի արգելքը՝ առևտուր անել Եգիպտոսի հետ։ Բացի այդ ամենից մամլուքները տարեկան մեկ միլիոն դիրհամ պետք է ստանային Կիլիկյան Հայաստանից։ Սակայն դրանից հետո էլ մամլուքներն անսպասելի հարձակումներ էին գործում։ 1292 թ Եգիպտոսի սուլթանը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում՝ Ակրա քաղաքը, հարձակվեց և հունիսի 28-ին գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։ Հեթումը ստիպված հաշտության պայմանագիր առաջարկեց մամլուքներին, որով Բեհեսնի, Մարաշ և Թիլ Համտուն բերդերը տրվում էին մամլուքներին։

Կիլիկյան Հայաստանի անկումն ու կործանումը

Կիլիկիայի հայկական թագավորությունը 1355 թվականին:

Հայերի և Լուսինյանների միջև եղել են սերտ կապեր, երբ Լուսինյանները 12-րդ դարում հաստատվեցին Կիպրոսում։ Եվ գուցե, եթե չլինեին Լուսինյանները Կիլիկյան Հայաստանը կկարողանար գրավել Կիպրոսը։ 1342 թվականին Լևոնի զարմիկ Գայ դե Լուսինյանը ժառանգեց գահը և հաստատվեց գահին Կոստանդին Գ անվամբ։ Նա լատինամոլ էր և դառնալով թագավոր ցանկանում էր կաթոլիկության պարտադրել տեղի հայ բնակչությանը։ Հայ ազնվականությունն այն ընդունում էր, սակայն հասարակ ժողովուրդը դեմ էր այդ քայլին։

1343-1344 թթ., երբ գյուղացիությունը պայքարում էր Լուսինյանների դեմ, մամլուքները ներխուժեցին Կիլիկիա։ Սակայն այդ օրհասական պահին ոչ մի եվրոպական երկիր չօգնեց Կիլիկիային։ 1344 թվականին Կոստանդին Բ-ն սպանվեց։ Նրան հաջորդեց Կոստանդին Դ-ն։ Նա կարողացավ ժամանակավորապես ազատագրել Կապան բերդը, Այասն ու Ալեքսանդրեթը։ Լիպարիտ սպարապետը կարողանում էր հետ շպրտել թշնամուն։ 1371 թվականին Սսում տեղի ունեցած ժողովը չեղյալ համարեց կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը։ Նոր թագավորը՝ Կոստանդին Ե-ն ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ, որն առաջացրեց ունիթորականների դժգոհությունը, ովքեր էլ սպանեցին նրան 1373 թվականին։ Նրան հաջորդեց Կիլիկիայի վերջին արքան՝ Լևոն Զ Լուսինյանը։ Մամլուքները դարձյալ ներխուժեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաքը։ Հայոց զորքը Լիպարիտ զորավարի գլխավորությամբ անում էր ամեն ինչ, սակայն մամլուքների զորքը գերազանցում էր հայերի զորքին։ Եվ 1375 թվականին մամլուքները գրավեցին Սիսն ու գերի վերցրին թագավորին և իր ընտանիքին։ Արևմուտքի միջնորդությամբ Լևոնն ազատ արձակվեց։ Նա անցկացրեց վերջին տարիները Եվրոպայում նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու հույսով, սակայն ապարդյուն։ Նա մահացավ 1393 թվականին Փարիզում։ 1396 թվականին Կիլիկիայի արքա տիտղոսն անցավ նրա զարմիկին՝ Կիպրոսի թագավորին։ Ներկայումս այն կրում են իտալական Սավոյան հարստության ներկայացուցիչները։ Չնայած թագավորությունն անկում ապրեց, Լեռնային Կիլիկիայում որոշ իշխաններ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը, սակայն 1515 թվականին Կիլիկիան վերջնականապես նվաճվեց օսմանյան թուրքերի կողմից։

Բանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր։ Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի։

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր։ Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում։ Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Оставьте комментарий